Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

2 Kings 22

:
Armenian - NEA
1 Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Հեդիդա էր, նա բասուրովթացի Հեդիդայի դուստրն էր։
2 Նա հավատարիմ գտնվեց Տիրոջ առջև, գնաց իր նախնի Դավթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորվեց։
3 Հուդայի արքա Հովսիայի թագավորության տասնութերորդ տարվա յոթերորդ ամսում արքան, Մեսողոմի որդի Եսելիայի որդի Սափանին՝ տան քարտուղարին ուղարկելով, ասաց.
4 «Գնա՛ Քեղկիա քահանայապետի մոտ և նրան ասա՛, որ նա պահապանների՝ ժողովրդից կշռով հավաքած և Տիրոջ տունը բերված արծաթը հաշվի
5 ու հանձնի Տիրոջ տան գործի վրա նշանակված գործավորներին՝ Տիրոջ տան վերակացուներին»։ Տիրոջ տան քայքայված մասերը վերականգնելու համար վճարեցին Տիրոջ տան վրա աշխատող բանվորներին՝
6 հյուսներին, շինարարներին, ճարտար որմնադիրներին, որպեսզի Տիրոջ տան փլված մասերը նորոգելու համար ատաղձ ու տաշած քարեր գնեն։
7 Նրանց տրված արծաթի հաշիվը չէին պահանջում, որովհետև նրանք ազնվորեն էին աշխատում։
8 Քեղկիա քահանայապետն ասաց Սափան քարտուղարին. «Տիրոջ տանը օրենքի գիրք եմ գտել»։ Քեղկիան գիրքը տվեց Սափանին, որն ընթերցեց այն։
9 Նա արքային լուր տարավ՝ ասելով. «Քո ծառաները Տիրոջ տանը եղած արծաթը հավաքեցին և Տիրոջ տան վրա աշխատող բանվորներին հանձնեցին»։
10 Սափան քարտուղարը խոսեց արքայի հետ՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի մատյան է տվել»։ Սափանն այն ընթերցեց արքայի առջև։
11 Երբ արքան լսեց Օրենքի գրքի խոսքերը, իր հանդերձները պատառոտեց։
12 Արքան պատվեր տվեց Քեղկիա քահանային, Սափանի որդի Աքիկամին, Միքեի որդի Աքոբորին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Հասայիային.
13 «Գնացե՛ք և ինձ համար, ամբողջ ժողովրդի համար և Հուդայի ամբողջ երկրի համար հարցրե՛ք Տիրոջն այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեզ վրա Տիրոջ մեծ բարկությունն է բորբոքվել այն բանի համար, որ մեր հայրերը այս գրքի խոսքերին չեն հնազանդվել, չեն գործադրել այդտեղ գրված բոլոր պատգամները»։
14 Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքոբորը, Սափանը և Հասայիան գնացին հանդերձապետ Արասի որդի Թեկուայի որդի Սեղղոմի կնոջ՝ Օղդա մարգարեի մոտ։ Նա Երուսաղեմի մերձակա Մասենայում էր բնակվում։ Նրանք խոսեցին նրա հետ։
15 Օղդան ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասե՛ք այն մարդուն, որը ձեզ ուղարկել է ինձ մոտ.
16 “Այսպես է ասում Տերը. “Ահա չարիք պիտի բերեմ այդ տեղի և բնակիչների վրա, ինչպես գրված է Հուդայի երկրի արքայի կարդացած մատյանում։
17 Այս ամենը նրա համար, որ ինձ լքեցին, խունկ ծխեցին օտար աստվածներին, որպեսզի իրենց ձեռքի գործերով ինձ բարկացնեն, և բորբոքվի իմ բարկությունն այդ տեղի վրա և չմեղմանա”։
18 Տիրոջը հարց տալու համար ձեզ ուղարկած Հուդայի արքային ա՛յս ասեք. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քո լսած խոսքերի իմաստն այս է.
19 քանի որ քո սիրտը փափկեց, դու խոնարհ գտնվեցիր Տիրոջ առջև, երբ լսեցիր, թե ի՛նչ է ասվել Երուսաղեմի և նրա բնակիչների մասին, թե լինելու է ավերածություն ու անեծք, և պատառոտեցիր քո հանդերձները, լաց եղար իմ առջև, իսկ ես լսեցի այդ,- ասում է Տերը,-
20 դրա համար ես քեզ պիտի տանեմ քո նախնիների գիրկը. դու թաղվելու ես քո տեղում՝ Երուսաղեմում, և քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի՝ Երուսաղեմի վրա”»։